Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը Ջիդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը Ջիդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն օգոստոսի 18-ին Ջիդդայում հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո սա իրանցի պաշտոնատար անձի առաջին հանդիպումն է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ։

Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Իրանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա է ժամանել օգոստոսի 17-ին՝ կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ։ Աբդոլլահիանն Էր Ռիադում հանդիպել է իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ։ Նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերություններն «ընթանում են ճիշտ ուղղությամբ»։ Կողմերը պայմանավորվել են անվտանգության, առևտրի, տնտեսության ոլորտներում առկա համաձայնագրերի իրագործման շուրջ։

Աբդոլլահիանը նաև այցելել է Էր Ռիադում Իրանի դեսպանատուն։

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2016 թ.-ին՝ այն բանից հետո, երբ Էր Ռիադում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան Նիմր ալ-Նիմրին, որը քննադատում էր սաուդյան միապետությունը։ Դրանից հետո Թեհրանում ցուցարարները հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչին ի պատասխան՝ Էր Ռիադը խզել էր դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ։

Այս տարվա մարտին Իրանն ու Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման շուրջ։ Երկու երկրներում դեսպանատները վերսկսել են աշխատանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում