Տարածաշրջանային

Տաջիկստանը պատրաստ է համագործակցելու Իրանի հետ Շահ Չերաղի դամբարանում իրականացված ահաբեկչության գործով

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանը պատրաստ է համագործակցելու Իրանի հետ Շահ Չերաղի դամբարանում իրականացված ահաբեկչության գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանը պաշտոնական հարցումներ չի ստացել Իրանից՝ Շահ Չերաղի դամբարանում Տաջիկստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչության հարցով, բայց պատրաստ է համագործակցության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը՝ հավելելով, որ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։

«Իրանից մենք դեռ պաշտոնական փաստաթղթեր չենք ստացել այդ դեպքի առթիվ... Մենք դատապարտում ենք Շահ Չերաղում տեղի ունեցած ահաբեկչությունը... Եթե պաշտոնական հարցում լինի Իրանի կողմից, մենք անպայման գործի կդնենք համապատասխան մարմիններին՝ մանրամասները պարզելու համար», - նախարարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանում։ Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ IRNA գործակալությունը հաղորդում էր 4 մարդու ձերբակալության մասին:

Ըստ Tasnim գործակալության տվյալների` երկու զինյալներ փորձել են ներթափանցել մզկիթի տարածք։ Նրանցից մեկն ավտոմատով կրակ է բացել դամբարանում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Անվտանգության ուժերը նրան ձերբակալել են հարձակումից շատ չանցած: Ֆարսի նահանգի դատարանի նախագահը հայտարարել է, որ դամբարանում ահաբեկչական գործողություն կատարողը Տաջիկստանի քաղաքացի է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում