«Նոր գիրք»-30/23. Շիրվանզադե, Ուայլդ, Վազգեն Առաջին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը»

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: ​

«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Օսկալ Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը»

«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է , նրա միակ հրատարակված վեպը:

Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել:

Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի:

«Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ: Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Վազգեն Առաջին, «Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ»

Lույս է տեսել Վազգեն Առաջինի հոդվածների, քննախոսությունների, հուշերի, խորհրդածումների «Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» ժողովածուն։

Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն։

Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»:

Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։

Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն են գլորվում, Վազգեն Առաջինը սթափեցնում է և ուղղորդում. «Փրկության լաստը ներսից է գալու»։ Կազմող և փոխադրող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Español Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը