Տարածաշրջանային

Թբիլիսիի մերձակայքում նավթի արդյունահանում են սկսել արդի տեխնոլոգիաներով

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի մերձակայքում նավթի արդյունահանում են սկսել արդի տեխնոլոգիաներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա՝ Մտիսձիրի ավանի մոտ գտնվող հանքավայրում նավթի և գազի արդյունահանման ցուցանիշները գրեթե կրկնապատիկ աճել են։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նշվում է, որ ցուցանիշների կրկնապատիկ աճը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ հանքավայրը շահագործող Block Energy ընկերությունն օգտագործում է հորիզոնական հորատանցքերի տեխնոլոգիա։

Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության բաժինը արտադրության մեջ կաճի 150 %-ով։

Ռուսթավի քաղաքից ոչ հեռու գտնվող այս հանքավայրում նավթի և գազի արդյունահանման գործընթացին ծանոթացել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միկաուտաձեն։

«Առաջին փուլում ընկերությունը պետք է հորատեր վեց հորատանցք, որոնցից հինգն արդեն հորատվել է։ Ընկերության կողմից օգտագործվող հորատման հորիզոնական տեխնոլոգիան հանգեցնում է արտադրողականության մի քանի անգամ մեծացման, ինչն էլ դիտվել է հինգ գործող հորատանցքերի շահագործման ժամանակ», - ասել է Միկաուտաձեն։

Ըստ փոխնախարարի տեղեկատվության` կարևոր է նաև այն, որ ապագայում ընկերությունը մտադիր է այս տեխնոլոգիայով շահագործել գազի հանքավայրերը։

Թբիլիսիից ոչ հեռու 16 մլրդ խմ պաշարով բնական գազի հանքավայրի հայտնաբերման մասին հայտնի է դարձել 2022 թվականի ամռանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում