Հասարակական

Կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի կատարած աշխատանքները

7 րոպեի ընթերցում

Կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի կատարած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, արձանագրվել է, որ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներից, ինչը պայմանավորված է գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով առաջադրված նոր պահանջների կատարման հանգամանքով, որոնք ամբողջությամբ փոխել են քրեական վարույթների շարժընթացը:

«Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է աննախադեպ քանակի՝ թվով 149.673 քրեական վարույթ, որոնցից ակտիվ քննություն իրականացվել է 56.545-ով, ինչը 105.7%-ով կամ 29.063 վարույթով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:

Նման աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի ավելացմամբ, սակայն հիմնական պատճառը կապված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի և նյութերի նախապատրաստման գործընթացի վերացմամբ և մինչդատական ամբողջ վարույթը քննիչների կողմից իրականացնելու նոր ընթացակարգով։ Բացի այդ, էական ազդեցություն է թողել նաև նախկինում կասեցված քրեական գործերն օրենքի պահանջով վերսկսելու հանգամանքը։ Քրեական դատավարության նոր իրավակարգավորումներով 2022թ. հուլիսի 1-ից քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի աննախադեպ աճի։

Վարույթների քանակական նման ավելացումը լրջորեն ազդել է քննիչների ծանրաբեռնվածության վրա։ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, ակտիվ վարույթների կտրվածքով, կազմել է 92 քրեական վարույթ՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 58-ի դիմաց:

Ծանրաբեռնվածության նման աճի պայմաններում, սակայն, քննիչները կարողացել են ավարտել 14 331 քրեական վարույթ, որը 2022թ. առաջին կիսամյակի համեմատ ավելի է 6.525-ով կամ 83.5%-ով։ Ընդ որում՝ նշվածից 3.587-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ Մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակն աճել է 43.5%-ով, իսկ անձերի քանակը՝ 42.8%-ով: Բացի այդ, շուրջ 37,5%-ով նվազել է մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված քրեական վարույթների քանակը, ինչը վկայում է նման ծանրաբեռնվածության պայմաններում նախաքննության որակի բարելավման մասին։ Դրական է գնահատվել նաև այն իրողությունը, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման սահմանափակված ժամկետների խախտման դեպքեր չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կոլեգիայի նիստի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է, որ զգալի արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց ու քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։

«Մասնավորապես՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամ վնաս, որը 2022թ. առաջին կիսամյակի համեմատ (1 մլրդ 598 մլն դրամ) ավելի է 71%-ով։ Իսկ միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, հիմնականում քննվող վարույթներով, հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9 մլրդ 662 մլն 583 հազար ՀՀ դրամ գումար»,- հայտնում է աղբյուրը։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, դրական գնահատելով հանդերձ այս արդյունքը, հանձնարարել է համապատասխան բոլոր վարույթներով քննության հիմնական առաջնահերթություն սահմանել հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին և քաղաքացիներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։

«2023թ. 1-ին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 17.096 քրեական վարույթ, դրանցից ավարտվել է 1.337-ի նախաքննությունը, որից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կարճվել է 985 քրեական վարույթ, որից 578-ը` ռեաբիլիտացնող, իսկ 406-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով:

Անդրադառնալով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավարտելու գործընթացում։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նա հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալու, ինչպես նաև՝ այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքների, հնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Կոլեգիայի նիստին անդրադարձ է կատարվել նաև քննիչների կողմից դատավարական և կարգապահական խախտումների կանխարգելման, դրանց համար պատասխանատվության խնդիրներին։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ կոպիտ խախտումները շարունակելու են արժանանալ խիստ գնահատականների, ինչն ուղղված է որակյալ նախաքննության ապահովմանը։

Կոլեգիայի նիստի ավարտին նաև տեղի է ունեցել նորանշանակ՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց երդման արարողություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում