Տարածաշրջանային

Թուրքիայի Դերինջե նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի Դերինջե նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմուտքում գտնվող Մարմարա ծովի Դերինջե խոշոր առևտրային նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել։ Դեպքի հետևանքով կա 4 վիրավոր, որոնց վիճակը կայուն է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։

Նշվում է, որ թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:40-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15:40-ի) Ստամբուլից դեպի արևելք ընկած Քոջայելիի նահանգում։ Պայթյունը զգացվել է հարևան Գյոլջուկ քաղաքում։

Ինչպես պնդում է CNN Turk հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել էլևատորներից մեկում, ենթադրաբար, նավը հացահատիկով բեռնելու ժամանակ։

«Էլևատորները պարբերաբար ստուգվել են, իշխանություններն առայժմ չեն հայտնել՝ արդյոք պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի սեղմման պատճառով», - հայտարարել է հեռուստաալիքի թղթակիցը։

Քաղաքապետը հաստատել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի էլևատորներ, այժմ դրանք ազատում են հացահատիկից։ Նրա խոսքով՝ նավահանգստի կոնտեյներային հատվածը չի տուժել։

Safiport նավահանգստի օպերատոր ընկերությունում «РИА Новости»-ի աղբյուրի խոսքով՝ միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա։

«Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի հարևանությամբ, այստեղ ոչինչ չի եղել՝ ո՛չ պայթյուն, ո՛չ հրդեհ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նավահանգստում իրադրությունը համարել է նորմալ:

Նշվում է նաև, որ պայթյունից հետո ծխի քուլաները տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից, դեպքի վայրում են հրշեջներն ու շտապօգնության ծառայությունները, ինչպես նաև հակաահաբեկչական ջոկատները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում