Տարածաշրջանային

Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում 18 մարդու կյանք խլած սողանքի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։

«Միջադեպի առաջին իսկ րոպեներից սկսվել է քրեական հետաքննություն: Գործը հարուցվել է երկու հոդվածներով, սակայն հետաքննության ընթացքում հոդվածները կարող են վերաորակվել», - ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլիի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ (անզգուշությամբ մահ պատճառելը) և 240-րդ (անվտանգության կանոնների խախտում հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս) հոդվածներով։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին: Զոհվել է 18 մարդ, ևս 16-ը համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։ Օգոստոսի 7-ը Վրաստանում է հայտարարվել սգո օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում