Պետք է անարգել և սկզբունքային մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով․ Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում այժմ 8-ամսյա շրջափակման և ավերածությունների մեջ են: Իրենց հայրենիքում նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով հասանելիություն կյանքեր փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Սովից մարդկանց մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներին պետք է, որ վերջ տրվի այս պատերազմին, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել: Պետք է անարգել և սկզբունքային մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով»,-գրել է Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ գրառմանը կցելով «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Բացեք Լաչինի միջանցքը» հեշթեգերը։

Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

Հայերեն العربية English