Սպորտ

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ:

Միայն 19 մարզաձևերում մասնակից մարզիկների ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։

Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։

Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է նաև մեծ էկրան:

«Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:

Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, շտապօգնությունը։ Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

Արդեն 25 տարի «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Հայաստանը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում