Ես կարող եմ և ապահովելու եմ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով մինչ այդ պաշտոնին նշանակվելը “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամ էր, վստահեցնում է, որ ապահովելու է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Հովակիմյանն այս մասին ասել է օգոստոսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին՝ կարողանալու է ապահովել Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կայանալու են սեպտեմբերի 17-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը մինչ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը եղել է իշխող քաղաքական ուժի անդամ։

«Այո, կարող եմ, որովհետև մինչև “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամ լինելը ես եղել եմ լրագրող, և երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններին: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետև ԿԸՀ նախագահի իր պարտականությունները չկատարելը կլինի հանցագործություն: Ես կարող եմ և ապահովելու եմ, որ Հայաստանում ընտրությունները լինեն, ազատ, արդար, թափանցիկ»,-ասաց նա:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին:

Հայերեն English