Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-29/23. Խալափյան, Արիստոֆանես, Բեռն

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-29/23.     Խալափյան, Արիստոֆանես, Բեռն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Զորայր Խալափյան, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…»

vortex eir.jpg (118 KB)

Զորայր Խալափյանի (1933-2008) «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին: Դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գյուղական համեստ մի բժշկի պատմությունը ընդհանրացնում է պատմական մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն

Արիստոֆանես, Կատակերգություններ (Հեծյալներ, Ամպեր, Կրետներ, Լիսիստրատե, Գորտեր)

aristofanes.jpg (441 KB)

Գիրքն ընդգրկում է հույն մեծ կատակերգակ, «կատակերգության հայր» Արիստոֆանեսի (մ.թ.ա. մոտ 446 – մոտ 385) հինգ նշանավոր կատակերգություն՝ «Հեծյալներ», «Ամպեր», «Կրետներ», «Լիսիստրատե», «Գորտեր», բոլորը՝ բնագրային նոր թարգմանությամբ («Կրետներ»-ը, «Լիսիստրատե»-ն ու «Գորտեր»-ը հայերեն են թարգմանվել առաջին անգամ, «Հեծյալներ»-ի նախորդ՝ «Անտիկ գրականության քրեստոմատիա» ժողովածուում [1952] ընդգրկված թարգմանությունն արվել է ռուսերենից, «Ամպեր»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս էր տեսել 1990 թ․, սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն կատակերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Արիստոֆանեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և կատակերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: Արիստոֆանեսի կատակերգությունները գլուխգործոցներ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով, նրա ներկայացրած ինտրիգային, ծիծաղաշարժ պատմությունները, քաղաքական սուր երգիծանքն ու կենցաղային սրամիտ հումորն ընթերցողին և հանդիսատեսին գրավել են դարեր շարունակ ու արդիական են նաև այսօր։ Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Ռոնդա Բեռն, «Գաղտնիքը»

rnnda.jpg (278 KB)

««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք նել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների...Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն, Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ իմացել են դա...Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում