Տարածաշրջանային

Վրաստանի և Չինաստանի ղեկավարները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն են հաստատում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի և Չինաստանի ղեկավարները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն են հաստատում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չենդու քաղաքում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Երկու երկրների ղեկավարները հայտարարել են Չինաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հանրային հեռուստատեսության հրապարակումից։

«Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը, և ես երախտապարտ եմ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության հասցնելու Ձեր որոշման համար, որը, կարծում եմ, կոնկրետ արդյունքներ և օգուտներ կբերի երկու կողմերին», - ասել է Ղարիբաշվիլին՝ իր այցը Չինաստան որակելով որպես պատմական։

Իր հերթին Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է նպաստեն ռազմավարական գործընկերության առողջ, կայուն զարգացմանը։

«Վրաստանը Չինաստանի բարեկամն ու լավ գործընկերն է․․․ Չինաստան կատարած Ձեր այցի ընթացքում կհրապարակվի համատեղ հայտարարություն։ Կհայտարարվի, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում։ Այդպիսով մեր երկկողմ հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակ», - ասել է Չինաստանի նախագահը։

Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցել է Չենդուում Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի 31-րդ խաղերի բացման արարողությանը։ Այս տարի խաղերին մասնակցում է 50 վրացի ուսանող։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում