Հասարակական

Գեղարքունիքում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված ու ավելի ուշ  մահացած նորածնի մորը մեղադրանք է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված ու ավելի ուշ  մահացած նորածնի մորը մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում՝ տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում, տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր։

Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննության շահերից, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքից ելնելով՝ անձի ինքնության, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում