Քաղաքականություն

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով համապատասխան օղակներով նաև Ադրբեջանին է դիմել

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով համապատասխան օղակներով նաև Ադրբեջանին է դիմել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ Ինչպես տեսնում եք, դեռ որևէ տեղաշարժ չկա։ Գործընթացը պահանջում է համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։ Այս պահին մենք որևէ արձագանք չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցով սահմանված կարգով դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին և համապատասխան օղակներով դիմել են նաև ադրբեջանական կողմին։ «Ինչպես արդեն նշեցի, այս պահին պատասխան դեռ չունենք»,- ասել է նա։

Հայաստանի կառավարությունն Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու որոշում է կայացրել։ 361 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարները Երևանից շարժվել են հուլիսի 26-ին։ ԼՂ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա: Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են այդ բեռնատարների վերը հիշատակված պարունակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում