Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, իսկ Բաքվից հնչում են անմարդկային ու ցինիկ հայտարարություններ․ ԱԳ փոխնախարար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել է Կոստանյանը:
Նա հավել է՝ բացի այդ՝ Բաքվից հնչում են անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»:
Convoy of #Armenia waiting to enter through #Lachincorridor to #NagornoKarabakh. Meanwhile #Azerbaijan is failing to implement legally-binding order of #ICJ to ensure unimpeded access. In addition inhuman & cynical statements that “game is over” aired from #Baku. pic.twitter.com/zqXqhTdDPB
— Vahan Kostanyan (@VahanKostanyan) July 26, 2023
Հայաստանից հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ են շարժվել 19 բեռնատարներ՝ 400 տոննայի չափով հումանիտար օգնություն հասցնելու նպատակով: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հուլիսի 26-ի երեկոյան տեղեկացրել էր, որ դեպի հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։