Հասարակական

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, բացման խոսքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմամբ հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի սահմանման կարևորությունը, որը ենթադրում է կարգավիճակային, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։

«Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ոստիկանության բարեփոխումների Կառավարության օրակարգին աջակցելու համար, նշել է, որ ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգային փաստաթուղթը նպատակ ունի քննարկման դաշտ բացել Ոստիկանության գվարդիայի ձևավորման առանցքային հարցերի շուրջ և մասնագիտական կարծիքների հաշվառմամբ ամուր հիմք ապահովել հետագա օրենսդրական փոփոխությունների համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը: Նա կարևորեց ՄԻԵԿ 11-րդ հոդվածի առնչությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման երաշխավորումը ներպետական մակարդակում և շնորհակալություն հայտնեց Ներքին գործերի նախարարությանը՝ կառուցողական համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկման շրջանակներում թեմատիկ զեկուցումներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ԵԽ ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանը՝ մանրամասն անդրադարձ կատարելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությանը, հայեցակարգային հիմքերին, գործող օրենսդրության ընդհանուր բնութագրին, ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրներին, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային և միջազգային-իրավական այլ չափանիշներին։

Նշվում է, որ հայեցակարգային փաստաթղթի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները հայեցակարգային լուծումների՝ օրենսդրության մակարդակում մշակման ու մանրամասնման ուղղությամբ։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում