Հասարակական

Ամփոփվել են ՀԿԱԾ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները․ավելի քան 17%-ով նվազել է բողոքների թիվը

4 րոպեի ընթերցում

Ամփոփվել են ՀԿԱԾ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները․ավելի քան 17%-ով նվազել է բողոքների թիվը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում հուլիսի 24-ին անցկացվել է հաշվետու խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են Ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների ու բաժանմունքների պետերն ու տեղակալները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀԿԱԾ տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը։ Կիսամյակային արձանագրված ցուցանիշներով՝ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է Ծառայության գործունեության ցուցանիշների բարելավում մի շարք ուղղություններով։ Աճել է կատարողական վարույթներով պահանջատերերի օգտին բռնագանձված գումարների չափը, կարճված կատարողական վարույթների քանակը. մասնավորապես, հունիսին կարճված կատարողական վարույթների քանակը գերազանցել է ավարտված կատարողական վարույթների թիվը։ Կարճված կատարողական վարույթների 96 տոկոսը կարճվել է փաստացի կատարման հիմքով։ Աճել են նաև գանձված և պետական բյուջե փոխանցված կատարողական ծախսերի չափերը։ Որպես որակական ցուցանիշ՝ արձանագրվել է այն փաստը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 17%-ով նվազել է Ծառայությանը հասցեագրված բողոքների թիվը, նվազել է նաև կրկնակի դիմումների քանակը։

Նշվում է, որ, օրակարգի համաձայն, հաշվետու ելույթներով հանդես են եկել գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Գլխավոր հարկադիր կատարողի՝ թվային ոլորտը համակարգող տեղակալ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնականներ Վարդուհի Պետրոսյանն ու Լարիսա Հարությունյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։

Բանախոսները զեկուցել են անձնակազմի կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների, նյութատեխնիկական հագեցվածության ապահովման, նախատեսված և իրականացվող շինաշխատանքների մասին, անդրադարձել հարկադիր կատարման ոլորտի թվայնացման շարունակական գործընթացին, կատարողական վարույթի շրջանակում գործընկեր կառույցների հետ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, քաղաքացիների սպասարկման որակի արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին և իրավական ապահովմանը, ինչպես նաև Կառավարության՝ 2022-26 թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ և 2021-2026 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումներին, դրանց հանրային իրազեկման արդյունավետությանն առնչվող հարցերին։ Արձանագրվել է, որ խմբային վճարումների, ինչպես նաև վճարահաշվարկային տերմինալներով 24/7 ռեժիմով վճարումների ընդունումը ևս զգալիորեն կրճատել է քաղաքացու սպասարկման ժամանակը, կրճատվել են սպասարկման հերթերը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև Արդարադատության նախարարության Վերահսկողական վարչության ուսումնասիրությունների, տեսչական ստուգումների և ծառայողական քննությունների արդյունքները։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու և աշխատանքի կազմակերպման որակը բարձրացնելու ուղղությամբ։

Ամփոփելով Ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հավելելով, որ առաջիկայում անելիքները շատ են, որոնք պետք է իրականացվեն պատշաճ և պատասխանատու ձևով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում