Հասարակական

Քաղաքացիներն արագ և որակյալ են համարում Արտաշատի վերաբացված հաշվառման-քննական բաժանմունքի սպասարկումը. ՀՀ ՆԳՆ

3 րոպեի ընթերցում

Քաղաքացիներն արագ և որակյալ են համարում Արտաշատի վերաբացված հաշվառման-քննական բաժանմունքի սպասարկումը. ՀՀ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 10 օր է, ինչ ՆԳՆ Արտաշատի վերաբացված հաշվառման-քննական բաժանմունքը քաղաքացիներին մատուցում է բարձրորակ ծառայություններ։ Հերթերը և գրանցումից հետո օրերով սպասելն արդեն անցյալում են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից և անհրաժեշտ սարքավորումներով, որոնց շնորհիվ ապահովվում է սպասարկման նոր որակ, ձևավորվում է աշխատանքի նոր ոճ ու ձեռագիր։

«Երևում է, որ բավական բաներ են ներդրվել, որ իրոք աշխատի այս համակարգը։ Ավելի արագ է սպասարկվում։ Երրորդ անգամ եմ գալիս, ինչ նոր շենքը բացվել է, դեռ չեմ տեսել, որ հերթեր գոյանան, մաքսիմում կես ժամվա մեջ մարդիկ սպասարկված հետ են գնում», – նշել է մեքենա հաշվառող քաղաքացի Վահան Սիմոնյանը։

«Էապես բարելավված են նաև վարորդական իրավունքի վկայականի տեսական և գործնական քննության համար նախատեսված պայմանները։

Այս սենյակում քաղաքացին, հաջողությամբ հանձնելով տեսական քննությունը, ավտոդրոմում անցնում է գործնականին։ Ամբողջ գործընթացը նկարահանվում է, ինչը հավելյալ երաշխիք է քննությունների անաչառ անցկացման և օբյեկտիվ գնահատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում սպասարկումը կատարվում է ավելի արագ և քաղաքացիները ստիպված չեն լինում օրերով սպասել իրենց հերթին, այլ հերթագրվելուց մեկ օր հետո հրավիրվում են և կատարում իրենց գործարքները»,- ասել է ՆԳՆ Արտաշատի ՀՔ բաժանմունքի պետ Կառլեն Հովհաննիսյանը։

Նշվում է, որ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում գործարկման օրից ի վերհաշվառվել է տրանսպորտային ավելի քան 1500 միջոց, նախկինում այս նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը կրկնապատկվել է։ «Վստահորեն կարող ենք արձանագրել, որ վերաբացված բաժանմունքը լուծում է իր առջև դրված խնդիրները, այն է՝ արագացնել և առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հաշվառումն ու գրանցումը, թեթևացնել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հարակից մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։

Կոնկրետ այս պայմանները, որ տեսնում եմ, իրոք, շատ հաճելի, շատ տրամադրող է։ Սպասարկումն էլ շատ բարձր որակով և բարձր մակարդակով արվում է», – ասել է հաշվառման-քննական բաժանմունքում գործարք կատարող Կարեն Սարգսյանը։

Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում