Հասարակական

Նոր ուղղություններ, 1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն մեկ տարեկան է

3 րոպեի ընթերցում

Նոր ուղղություններ, 1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն մեկ տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից և նոր ուղղություններ. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ավելի քան մեկ տարի երկնքում է:

Ավիաընկերությունն առաջին թռիչքը իրականացրել է 2022 թվականի հուլիսի 3-ին և այս պահին ունեն ուղղություններ դեպի Թբիլիսի, Թեհրան, Բաղդադ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Մոսկվայի երկու օդանավակայաններ: Ընկերությունը մտադիր է մինչև 2023 թվականի վերջն ընդլայնել ուղղությունների աշխարհագրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն և Fly Arna-ի խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանն ընդգծեց՝ այս մեկ տարվա ընթացքում ավիաընկերությունը ոչ թե բավարարել է, այլ էապես գերազանցել է ԱՆԻՖ-ի սպասելիքները:

Հիմնադրումից ի վեր Հայաստան են վերադարձել բազմաթիվ հայ օդաչուներ՝ միանալով ազգային ավիափոխադրողի թիմին: Նրանցից շատերը տասնյակ տարիներ հնարավորություն չեն ունեցել հայրենիքում աշխատելու և Fly Arna-ի հիմնադրմամբ նրանց տրվել է այդ հնարավորությունը։

Ավիաընկերությունն առաջին օրվանից ի վեր վերապատրաստել է ավելի քան 50 բորտուղեկցորդներ, որոնք համաշխարհային ստանդարտներին համապատասխան կրթություն և վերապատրաստում են անցել ու իրենց հմտությունները զարգացնելու համար պարբերաբար շարունակում են մասնակցել նոր դասընթացների:

Անդրադառնալով առկա խնդիրներին, Փափազյանն ընդգծեց՝ այս պահին դրանք կան, սակայն ոչ բոլորն են վերաբերում Fly Arna-ի աշխատանքին և գործընկերոջը՝ Էյր Արաբիային:

«Դա առաջին հերթին վերաբերվում է դեպի Եվրամիություն թռիչքների սահմանափակումներին, փաստորեն՝ մինչև նշված սահմանափակումը չվերանա, մենք չենք կարողանա զարգանալ այն արագությամբ, որը մեր առջև դրել էինք: Բայց, կրկնում եմ, մինչև օրս և հատկապես անցած տարվա ընթացում Fly Arna-ի արդյունքները ֆինանսական տեսանկյունից գերազանցել են բոլոր սպասելիքները»,- նշեց Փափազյանը:

Fly Arna ավիաընկերությունն աշխատում է շատ խիստ անվտանգային ստանդարտներով և պահպանում է բոլոր անհրաժեշտ կանոնները: Ավիաընկերությունը Հայաստանում միակն է, որն անցել է «IOSA» (այոսա) աուդիտը, որն ավիացիայի ոլորտում ամենաբարդն է համարվում: Այն ընկերությունները, որոնք կարողանում են անցնել այս աուդիտը, համարվում են աշխարհում ամենաբարձր անվտանգություն ապահովող ավիաընկերություններ:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում