Հասարակական

Էստոնացի փորձագետը բարձր է գնահատել ՀՀ ՆԳՆ-ի ձևավորման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկված քայլերը

2 րոպեի ընթերցում

Էստոնացի փորձագետը բարձր է գնահատել ՀՀ ՆԳՆ-ի ձևավորման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հուլիսի 12-ին ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին և Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար։ ՆԳ նախարարի տեղակալը, նշելով Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման մասին, կարևորել է նաև նախատեսվող մյուս միջոցառումների կյանքի կոչումը։

«Լաուրի Տաբուրն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների և ՆԳ նախարարության ձևավորման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և միաժամանակ տեղեկացրել, որ անկախ փորձագիտական գնահատման շրջանակներում հանդիպումներ է ունեցել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։

Կողմերը թեմայի վերաբերյալ քննարկել են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը համահունչ բյուջետային պատշաճ պլանավորմանը և առաջիկայում սպասվող փոփոխություններին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կարծիքներ են փոխանակվել նաև Ներքին գործերի նախարարության կազմավորման, ոստիկանության կարևորագույն ուղղություններից՝ քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության և ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, նաև ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման ու ՆԳՆ ենթակայությամբ գործող ծառայությունների կադրերի շարունակական կրթության ապահովման թեմաների շուրջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում