Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ պաշտոնյային առաջարկել է անցկացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով խորհրդաժողով

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ պաշտոնյային առաջարկել է անցկացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 12-ին առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:

«ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 7 պատվիրակությունների ղեկավարների բարձր գնահատականը՝ Դատախազության արտաքին և ներքին անկախության, հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերի քննարկումների արդյունավետության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հիմք ընդունելով համատեղ աշխատանքի շարունակականության վերաբերյալ երկուստեք ցանկությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է Քրիստոս Ջիակումոպուլոսին քննարկել 2023 թվականի ավարտին կամ 2024 թվականի գարնանը նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովն անցկացնելու հնարավորությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ, որին ներկա է եղել նաև Քրիստոս Ջիակումոպուլոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում