Հասարակական

ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նորակառույց բաժանմունք

2 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նորակառույց բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 10-ին այցելել է ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նորակառույց բաժանմունք։ Ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալները, ՆԳՆ գլխավոր քարտուղարը, գործադիր, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։

«Ներքին գործերի նախարարը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով։

Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում Ներքին գործերի նախարարը ծանոթացել է պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին: Այն կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկայով՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու համար։

Նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։

Նշվում է, որ հաշվառման-քննական բաժանմունքները, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումներ, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցումն է՝ նոր որակով և նոր տրամաբանությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում