ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Գրիգոր Քեշիշյան, «Շելա»
«Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:
Թարգմանական գրականություն
Շառլ Ազնավուր, «Քեզ համար, Հայաստան. Պոեզիա [Մաս 3] »
Սա Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորն է: Այս հատորում տեղ գտած բանաստեղծություններում սիրո բոլոր դրսեւորումներն են. երգեր՝ նվիրված Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին եւ «Տիկին կյանքին»: Խուլուհամր կնոջը սիրահարված տղամարդու ապրումներից մինչեւ հայրական սեր: «Ասեղը» շանսոնյեն նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին: «Իմ սրտահույզ սերը» Ազնավուրը կատարել է նաեւ Լայզա Մինելլիի հետ ու զուգահեռ երգել ժեստերի լեզվով: Այս հատորում են նաեւ «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը՝ «Մի ամբողջ կյանք սեր» երգը, Հայոց ցեղասպանության թեմայով «Նրանք ընկան» ստեղծագործությունն ու Սպիտակի երկրաշարժից հետո հուսաբեր «Քեզ համար, Հայաստան» հիթը: Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
Մանկապատանեկան գրականություն
Լիլիթ Ալթունյան, «Խավարի թագավորը»
Թագավորն անհոգ ապրում է խավարում, մինչև մի անբացատրելի ձայն խախտում է նրա անդորրն ու հանգիստ չի տալիս: Ի վերջո, նա որոշում է հաղթահարել վախը, բացել դղյակի դուռը և դուրս գալ Խավարից: Այսպես նա բացահայտում է լույսը և գտնում խավարի ու լույսի ներդաշնակությունը: Պատմությունը վախը հաղթահարելու, հարմարավետության սահմաններից դուրս նայելու, երևույթների երկակիությունը հասկանալու մասին է: Նախատեսված է 3-8 տարեկանների համար: Այն ծնող-երեխա ժամանցի հրաշալի ձև է, խրատներ փոխանցելու անփոխարինելի գործիք: Ստեղծագործությունը հարցեր է առաջացնում և դրանք միասին քննարկելու հնարավորություն տալիս: Գիրքը լույս է ընծայել «Վերնատունը»։
Փաստավավերագրական գրականություն
Լյուկ Մարի, «Իլոն Մասք: Ապագան կերտողը»
Ո՞վ է իրականում Իլոն Մասքը. քմահաճ ինքնո՞ւս, Սիլիկոնյան հովտի նոր ա՞ստղ, թե՞ խելագար գյուտարար: Այս գիրքը վերծանում է Իլոն Մասքի առասպելը: PayPal, Tesla, Starship, Model X, Neuralink, OpenAI, Hyperloop… Այնքա՜ն շատ անուններ տեխնոլոգիայի առաջնագծում. բազմակի օգտագործման հրթիռ, որը սովորական բան կդարձնի ուղևորությունը Մարս, շքեղ էլեկտրական ավտոմեքենա և գնացք-մետրո, որն ինքնաթիռից արագ կսլանա…Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թագուհի Բլբուլյան։ Խմբագիր՝ Անժելա Ավագյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը