Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարը պարեկներին շնորհավորել է պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ

5 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը պարեկներին շնորհավորել է պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության ստեղծման հուլիսի 7-ին լրացած 2-ամյակի կապակցությամբ պարեկային ծառայություն են այցելել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալներն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շնորհավորելով պարեկներին ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց ծառայությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կարգավորմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը: Նա նաև փաստել է, որ պարեկային ծառայությունը նոր շունչ է հաղորդել ոստիկանության աշխատանքին։

«Ներքին գործերի նախարարը նշեց, որ երկու տարվա ընթացքում պարեկները շարունակել են կատարելագործել մասնագիտական կարողությունները և այսօր շատ ավելի բարձրորակ ծառայություն են մատուցում մեր քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Այդ ուղղությամբ Վահե Ղազարյանն ընդգծեց, որ պարեկային ծառայության ստեղծումն ու գրանցած արդյունքներն են նաև նպաստել տարբեր հարցումներում հանրության կողմից ոստիկանության նկատմամբ վստահության աճին։

Բարի ծառայություն մաղթելով պարեկներին՝ Վահե Ղազարյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով և ամենօրյա քրտնաջան աշխատանքով պարեկային ծառայությունը դարձնել էլ ավելի պրոֆեսիոնալ և կայացած կառույց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, միջազգային գործընկերներին և հասարակական կառույցներին՝ Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Ներկայացվել է պարեկային ծառայության երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքը, ինչից հետո ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ պարեկներ պարգևատրվել են։ Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Ոստիկանության զորքերի երգչախումբը։

«Պարեկային ծառայությունը ստեղծվեց 2021 թ. հուլիսի 7-ին։ Առաջինը ծառայության դուրս եկան Երևանի պարեկները, իսկ 2022-ին և 2023-ին՝ Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները։

Չնայած երկամյա գոյությանը, պարեկային ծառայության բոլոր ստորաբաժանումները ոչ միայն արդյունավետ հսկողություն են իրականացնում ճանապարհային երթևեկության նկատմամբ, այլև արդյունավետ պայքարում են հանցավորության դեմ՝ բացահայտելով տարբեր բնույթի, վտանգավորության ու ծանրության հանցագործություններ։ Այդ մասին վկայում են բազմիցս հրապարակված վիճակագրական տվյալները։

Պարեկների պայքարն ակնառու է հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ, ինչը մեր օրերում իրավապահ համակարգերի առաջնային խնդիրներից է։ Պարեկային ծառայության և՛ մայրաքաղաքի, և՛ մարզերի ստորաբաժանումները ապօրինի թմրաշրջանառության, այդ թվում՝ իրացման դեպքեր բացահայտում են ամենօրյա ռեժիմով, առավելապես գիշերային ծառայության ընթացքում՝ հայտնաբերելով համացանցի միջոցով վաճառվող թմրամիջոցների մեծ խմբաքանակներ։

Այժմ ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառում են ապագա պարեկները, որոնք շուտով ծառայության կանցնեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ կանգնելով հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում։

Ներկայումս գործնական քայլեր են ձեռնարկվում պարեկային ծառայության առանձին ուղղության՝ ջրային պարեկային ծառայության ձևավորման առումով։ Ժամանակակից ջրային տեխնիկայով և սպառազինությամբ հագեցած ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու Սևանա լճում ու ափամերձ տարածքում՝ ապահովելով հովեկների և զբոսաշրջիկների անվտանգությունը։

Այսօր պարեկային ծառայության շարքերում են նաև կանայք, որոնք իրենց մասնագիտական հմտություններով նպաստում են ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Եվ, պատահական չէ, որ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը շարունակում է մնալ խրախուսելի։

Գոյության երկու տարվա ընթացքում, չնայած ծագած խնդիրներին ու բացթողումներին, պարեկային ծառայությունը շարունակում է առաջ ընթանալ կատարելագործվելու և պրոֆեսիոնալությունը զարգացնելու ճանապարհով, ինչը դրական օրինակ է նաև ծառայության շարքերը համալրել ցանկացողների համար»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում