Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երկրորդ ծրագրային ձևաչափի շրջանակում իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի համակարգող Անջելո Լոնգոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Ըստ աղբյուրի՝Պաշտպանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերոջը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ՄԻՊ-ին առընթեր խորհրդի ձևավորման ուղղությամբ։

Նշվում է, որ իր հերթին Անջելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում