Պաշտոնական

Մեր երկու երկրների սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին

2 րոպեի ընթերցում

Մեր երկու երկրների սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։

Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում