Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը hունիսի 27-ին ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է 2021 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված երկու իրավապահ կառույցների համագործակցության հաստատման աշխատանքային համաձայնագրին, որն իրավական հիմք է ստեղծել անդրազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք ոլորտներում փոխգործակցության համար։

«Նա նշեց, որ համաձայնագրից են բխում նաև «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որոնք արդեն պատրաստ են ստորագրման:

Նախարարը ընդգծեց, որ այդ փաստաթղթերը հիմք կհանդիսանան Եվրոպոլի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման, ինչպես նաև Եվրոպոլում կապի սպա ունենալու գործում։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպոլի գրասենյակի գործընկերներին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար: Նա վստահեցրեց, որ իրավական ամուր հիմքը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարելավելու երկկողմ համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների իրավապահ մարմինների հետ՝ անդրազգային հանցավորության, ահաբեկչության, կիբեռհանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ըստ աղբյուրի՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն ընդգծել է փոխըմբռնման հուշագրի և փոխգործակցության համաձայնագրի կարևորությունը, խոսել հատկապես իրավապահ ոլորտում անվտանգ կապուղու և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների մասին: Նա խոսել է նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում