Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազությունում ընթացող բարեփոխումները, որոնք ներառում են դատախազների բարեվարքության ստուգումը (ներկայում հանրապետության դատախազների շուրջ 35 տոկոսն անցել է բարեվարքության ստուգում), դատախազների գիտելիքների շարունակական կատարելագործումը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում Դատախազության գործառույթների իրականացման կատարելագործումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Դատախազությունն անհանդուրժող վերաբերմունք ունի կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև բանակի, խոցելի խմբերի և անչափահասների դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի դատախազությունների միջև համագործակցությունը խթանելու հեռանկարը՝ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև այս ոլորտներում երկու երկրների դատախազների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում