Տարածաշրջանային

Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել քաղաքացիների լյարդի փոխպատվաստումը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել քաղաքացիների լյարդի փոխպատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետարանն ամբողջությամբ կֆինանսավորի մայրաքաղաքի բնակիչների համար լյարդի փոխպատվաստման վիրահատությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքային մունիցիպալիտետի նիստում։

Վիրահատության արժեքը 120 հազար լարի է (ավելի քան 45 հազար դոլար)։ Կալաձեի խոսքով՝ այս որոշմամբ Թբիլիսիի քաղաքապետարանը միանում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությանը, որի համաձայն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար այդ վիրահատությունն ամբողջությամբ կֆինանսավորվի։

«Մենք ողջունում ենք վարչապետի որոշումը և, իհարկե, միանում ենք նրան», - նշել է Կալաձեն։

Մինչ այդ Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսավորում էր քաղաքացիների վիրահատության գումարի միայն կեսը, այսինքն՝ 60 հազար լարի (22,7 հազար դոլար)։ Հետագայում ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 10 հազար լարիով (3700 դոլար)՝ կազմելով 70 հազար լարի (26,5 հազար դոլար)։

«Թբիլիսիի քաղաքապետարանում բազմաթիվ ծրագրեր են ֆինանսավորվում առողջապահության ուղղությամբ: Գլխավորներից մեկը լյարդի փոխպատվաստման ծրագիրն է, որը քաղաքի առողջապահական և սոցիալական սպասարկման ծառայությունն իրականացնում է 2018 թվականից», - նշել է Կալաձեն։

Լյարդի փոխպատվաստման վիրահատություններն ամբողջությամբ ֆինանսավորելու որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թ. հուլիսի 1-ից։

Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագրից կկարողանան օգտվել այն անձինք, որոնք առնվազն մեկ տարի ապրում են Թբիլիսիում և գրանցված են մայրաքաղաքում։

Երկրի վարչապետի նախաձեռնությամբ Վրաստանի քաղաքացիների համար լյարդի փոխպատվաստման վիրահատությունը միանգամայն անվճար է դարձել այս տարվա հունիսի 19-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում