Տարածաշրջանային

ԵՄ-ում հայտարարել են, որ Անդրկովկասի շուրջ քննարկումները կարող են մեծ արդյունքներ չբերել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հայտարարել են, որ Անդրկովկասի շուրջ քննարկումները կարող են մեծ արդյունքներ չբերել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրկովկասի անվտանգության շուրջ առաջիկա Ժնևյան քննարկումները կարող են մեծ արդյունքներ չտալ՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ժնևյան քննարկումներում ԵՄ-ի կողմից համանախագահ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով բանակցային գործընթացի Հարավային Օսիայի մասնակիցների հետ Ցխինվալում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։

Հունիսի 27-ին Ցխինվալ են ժամանել Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների համանախագահները ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից՝ քննարկելու Ժնևյան քննարկումների հաջորդ փուլի օրակարգը, որը նախատեսված է հուլիսի 11-12-ը։

«Քննարկումների բոլոր մասնակիցների համար օգտակար կլինի դրսևորել ճկունություն և միմյանց լսելու ցանկություն: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ամենայն հավանականությամբ, մենք չենք կարողանա հասնել մեծ արդյունքների, բայց շատ կարևոր է, որ այս փուլը կայանա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք՝ քննարկելու ներկա իրավիճակը, գնահատելու իրադրությունը և լսելու կարծիքները», - ասել է Կլաարը։

Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումները Ժնևում տեղի են ունենում 2008 թվականից` Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար ընթանում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև երկխոսության միակ հարթակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում