Տարածաշրջանային

Թբիլիսին, Աստանան և Բաքուն համաձայնեցրել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին, Աստանան և Բաքուն համաձայնեցրել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ղազախստանցի պաշտոնակից Ալիխան Սմայիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ (խմբ.՝ Միջին միջանցքի զարգացման համար), որի շուրջ արդեն համաձայնություն ենք ձեռք բերել Ղազախստանի հետ: Դա մոտավորապես հնգամյա պլան է: Մինչև 2027 թվականը մենք ստույգ գիտենք, թե ինչ պետք է անեն Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը», - ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ երեք երկրներն աշխատում են, որպեսզի վերացնեն բոլոր խոչընդոտները:

«Այս նախագծին մասնակցում ենք Ադրբեջանի հետ միասին: Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, ընդհանրապես Ասիայի երկրների համար, որպեսզի է՛լ ավելի շատ բեռներ անցնեն Միջին միջանցքով», - եզրափակել է նա։

Ղազախստանի վարչապետը Թբիլիսիում է գտնվում պաշտոնական այցով։ Սմայիլովն արդեն բանակցություններ է վարել իր վրացի պաշտոնակցի հետ ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով։ Վրաստան այցից առաջ Ղազախստանի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էրԱդրբեջանում։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը միջազգային փոխադրամիջանցք է, որը Չինաստանը և Եվրոպայի երկրները կապում է Ղազախստանի, Կասպից ծովի ջրատարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում