«Ամերիկագիտություն» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
3 րոպեի ընթերցում
![«Ամերիկագիտություն» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1113744.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում տեղի է ունեցել «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին հաջորդել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի հետ հանդիպումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից, դեսպանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրի կարևորությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև վերհանել հետագա համագործակցության զարգացման ուղիները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև կրթական ծրագրի ղեկավար Վահագն Ագլյանը, ծրագրի շրջանակում դասավանդող ԵՊՀ դասախոսները, որոնք ներկայացրել են կրթական ծրագրի առանձին բաղադրատարրեր, ինչպես նաև անդրադարձել ԱՄՆ-ի, ամերիկագիտության և, առհասարակ, հայ-ամերիկյան հարաբերությունների հանդեպ հետաքրքրվածությանը, որը տարեցտարի աճում է՝ կրթական ծրագրում ներգրավելով ավելի շատ ուսանողների։
Հանդիպման ավարտին հարցուպատասխանի միջոցով երկուստեք ներկայացվել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի և հետբուհական կրթության հեռանկարները։
«Քրիստինա Քվինն այնուհետև հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ կրթական հաստատությունների և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ուրվագծվեցին նոր կապերի հաստատման, հետազոտական ծրագրերի, ուսանողների փոխանակման ծրագրերի ու ակադեմիական համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղիները, որոնք անկասկած կխթանեն միջմշակութային փոխանակումն ու ակադեմիական գերազանցությունը:
ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ երկու երկրների միջև կրթական կապերի ամրապնդման գործում ցուցաբերած մեծ հետաքրքրության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ներառյալ դասավանդողների կարգավիճակում ASU (School of Social Transformation) դասախոսական կազմի, ինչպես նաև Fulbright ծրագրերի ASU հետազոտողների և դասախոսների ներգրավումը։ Կրթական ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ծրագրի մեկնարկի նախաշեմին Արիզոնայի պետական համալսարանում անցել են վերապատրաստման հատուկ ծրագիր և մշակել «Ամերիկագիտություն» կրթական ծրագրում ընդգրկված դասընթացները։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասները՝ այստեղ: