Տարածաշրջանային

Իրանը և Ուզբեկստանը համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Իրանը և Ուզբեկստանը համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու Ուզբեկստանը հունիսի 18-ին մի շարք համաձայնագրեր են ստորագրել համագործակցության շուրջ։ Այդ համաձայնագրերը վերաբերում են առևտրի, տրանսպորտի, դեղագործության, ապահովագրության, տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է IRNA գործակալությունը:

Փաստաթղթերն ստորագրվել են Թեհրանում երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից՝ Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Շավքաթ Միրզիյոևի ներկայությամբ։

Ինչպես նշում է ուզբեկական Gazeta.uz առցանց հրատարակությունը, դրա հետ մեկտեղ հատուկ ուշադրություն է դարձվել «Կենտրոնական Ասիան Իրանի հետ կապող ամենակարճ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների օգտագործմանը»։ Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբերահաբեկչության ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «Աֆղանստանում խաղաղության ու կայունության ամրապնդման» հարցերի շուրջ։

Ըստ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայության՝ բացի կառավարությունների, գերատեսչությունների և տարածաշրջանների մակարդակով ընդունված փաստաթղթերից, այցի ընթացքում Միրզիյոևը և Ռայիսին ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ համատեղ հայտարարություն:

Միրզիյոևի այցը Թեհրան դարձել է ուզբեկական պետության ղեկավարի առաջին ուղևորությունն Իրան ավելի քան 20 տարվա ընթացքում։ 2022 թ. սեպտեմբերին Ռայիսին այցելել է Սամարղանդ, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում