Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-23/23. Բեգլարյան, Ռոուլինգ, Սնայդեր

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-23/23. Բեգլարյան, Ռոուլինգ, Սնայդեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Հրաչ Բեգլարյան, «Մղձավանջներ»

hrach.jpg (361 KB)

«Մղձավանջներ» վեպը Արցախյան առաջին պատերազմի և նրանից հետո առաջացած հասարակական – քաղաքական հարաբերությունների մասին է: Վեպի հերոսները սովորական մարդիկ են՝ տարբեր մասնագիտությունների տեր, որոնց պատերազմը հայրենիքի զինվոր է դարձրել: Կռվում են՝ չկորցնելով իրենց մարդկային նկարագիրը, կռվում են՝ հավատալով, որ պատերազմից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բայց ավարտվում է պատերազմը, և երեկ նույն խրամատի մեջ իրար հետ հաց կիսող և միմյանցից մահ փախցնող ընկերները հայտնվում են տարբեր «խրամատներում»: Ինչքը, այն ձեռք բերելու դաժան մրցավազքը մոռանալ են տալիս ամեն բան: Եվ պատահական չէ, որ հերոսները կյանքի դաժան իրականությունից փախչելու համար հաճախ ապավինում են նույնիսկ մղձավանջներին:

Խմբագիր՝ Անժելա Ավագյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն

Չինական գրականության անթոլոգիա

chinakan.jpg (42 KB)

Չինական գրականության թարգմանություն-անթոլոգիան ներկայացնում է ժամանակակից չինական գրականության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև վաղ շրջանի որոշ կարևոր գործեր: Հայերեն առաջին թարգմանությունն ուղեկցվում է համառոտ ծանոթագրություններով: Գիրքը հնարավորություն է տալիս զուգահեռաբար միևնույն ստեղծագործությունը կարդալ և չինարենով, և հայերենով: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Թարգմանությունը՝ Գոհար Աթիկյանի, Ռոբերտ Ծատուրյանի։ Խմբագիր՝ Սերգո Երիցյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

harry.jpg (651 KB)

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:

Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Թիմոթի Սնայդեր, «Բռնապետության մասին»

brnapetutyan masin.jpg (173 KB)

Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները:

Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։

Թարգմանիչ՝ Հովհաննես Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում