Այսպիսի վարքագծի նկատմամբ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. Միրզոյանը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության բանակցություններին զուգահեռ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ Հայաստանը և միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, որ խաղաղության բանակցություններին զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, և բացատրություն չկա հասարակության համար, թե ինչո՞ւ պետք է խաղաղության գնալիս Ադրբեջանը Երասխում կրակի հայկական դիրքերի ուղղությամբ:

«Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ, այլ նաև բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և մենք՝ ՀՀ-ն, և միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվենք, կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը շեշտեց՝ կոնկրետ այս դեպքում և նախորդ շատ դեպքերում խոսքը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին է վերաբերում: Այդ սահմանները պետք է մնան անխախտելի: Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:

Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքի պարագայում մի նոր նրբերանգ կա: «Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում: Նախնական գնահատականներով՝ այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Եվ ահա ադրբեջանական կողմը նախ շինծու բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք մեր բոլոր միջազգային պարտավորությունները՝ այդ թվում բնապահպանական համատեքստում, կատարում ենք, դա փաստ է նաև այս գործարանի պարագայում: Սա մերկապարանոց հայտարարություն չէ, այլ՝ ստուգված: Եվ Ադբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական կողմի հերքումը: Եվ հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում բերելով՝ փորձ է արվում խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանը հայտնեց՝ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառմանը: Այդ գործելաոճը հայկական կողմի համար անընդունելի է, պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Հայերեն العربية English Français Русский

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկում

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին