Հասարակական

Քրեակատարողական ծառայության պետը և Իրանի հյուպատոսը քննարկել են ՔԿՀ-ներում իրանցի ազատազրկվածների պահման պայմանները

2 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետը և Իրանի հյուպատոսը քննարկել են ՔԿՀ-ներում իրանցի ազատազրկվածների պահման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և առողջական խնդիրներին առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը պատշաճ ուշադրության արժանացնելու, օտար երկրում նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև արտահանձնման գործընթացները ժամանակին կազմակերպելու համար:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կնպաստեն երկու հարևան երկրների առավել համակարգված ոլորտային աշխատանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում