Հասարակական

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՀՀ դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները 

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՀՀ դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի համար անկյունաքարային հանդիսացող իրավակիրառ հարցերի լուծումներին՝ կապված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործման, դատավորների անհամատեղելիության մեխանիզմների և կարգապահական վարույթների, ինչպես նաև և այդ վարույթների արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման մեխանիզմների կարգավորման հետ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև ներկայումս ընթացող լայնածավալ դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության և դրա շրջանակների ընդլայնման հնարավորությունները:

Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բազի Մալորին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:

Ամփոփելով՝ կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ Հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և իրավական ինստիտուտների զարգացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում