Տարածաշրջանային

Վրաստանը սահմանափակում է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանը սահմանափակում է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող ավտոմեքենաների ներմուծման համար, իսկ դա նշանակում է, որ արգելվելու է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Եվրո-5-ը բնապահպանական ստանդարտ է, որը կարգավորում է ավտոմեքենաների արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը:

«Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը կսահմանափակվի», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոբուսների և բեռնատար մեքենաների՝ երկիր ներմուծման սահմանափակումը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունները մտցվում են օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար, որը հատկապես անհանգստացնում է մայրաքաղաքի և խոշոր քաղաքների բնակիչներին։

Ինչպես ընդգծել է վարչապետը, մի քանի տարի է, ինչ Վրաստանում սահմանվել է վառելիքի օգտագործման ստանդարտ. երկիր է ներկրվում Եվրո-5 ստանդարտի վառելիք, իսկ այս տարվանից՝ նաև դիզել։

Վարչապետի խոսքով՝ որոշումը չի վերաբերի արդեն հանրապետությունում գտնվող ավտոմեքենաներին, ինչպես նաև այն ավտոմեքենաներին, որոնք երկիր են մտնում վերաարտահանման և տարանցման նպատակով։

Այս նախաձեռնության իրականացումն զգալի ներդրում կունենա մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նվազեցման գործում։

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ երկրում գրանցված մարդատար ավտոմոբիլների շուրջ 62,7%-ն ավելի քան 20 տարվա են։

Վրաստանում 639,7 հազար ավտոմեքենաներից միայն 239,1 հազարն է արտադրվել մինչև 20 տարի առաջ: Ընդ որում, այդ մեքենաների 44,8%-ն ավելի քան 15 տարվա հնություն ունեն:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցված է 59,4 հազար մեքենա, որոնք 10-ից պակաս տարվա են. դա կազմում է երկրում շահագործվող բոլոր մեքենաների 9,2%-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում