«Երևանյան բեսթսելեր». Ռուբեն Եսայանի վեպն՝ առաջատար. հայ գրականություն.մայիս, 2023
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ…
Երկրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» երրորդ տեղում է։ Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց՝ պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:
Չորրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...
«Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» գիրքը հինգերորդ տեղում է։ Հայտնի ու չբացահայտված դրվագներ, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնց միջոցով նորովի կբացահայտեք ամենասիրելի պոետներից մեկին՝ Վահան Տերյանին։ Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները գրքում ներկայացված են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ-դրվագներով, որոնք կօգնեն ձեզ զգալու ու խորհելու Տերյանի հետ՝ յուրաքանչյուր օր ու շաբաթ։
Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեցերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։
Յոթերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը ութերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից՝ կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:
Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը տասներորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ», ու վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | ![]() |
Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» |
հեղ․հրատ | 336 |
| 2 | +5 | ![]() |
Աշոտ Աղաբաբյան «Թակարդ» |
Բուկինիստ | 25 |
| 3 | 0 | ![]() |
Սուսաննա Հարությունյան «Անդրանիկի վերջին ձին» |
Newmag | 24 |
| 4 | -2 | ![]() |
Սյունե Սևադա «Աղի թեյ» |
Newmag | 22 |
| 5 | * | ![]() |
«Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» |
Զանգակ | 22 |
| 6 | * | ![]() |
Աշոտ Աղաբաբյան «Գաղտնիքների տիրակալը» |
Բուկինիստ | 20 |
| 7 | * | ![]() |
«Բարի գործերի քաղաքը» |
Բուկինիստ | 19 |
| 8 | * | ![]() |
Գոհար Նավասարդյան «Սիրելուց հետո» |
հեղ հրատ․ | 18 |
| 9 | * | ![]() |
Աշոտ Աղաբաբյան «Մենակը» |
Բուկինիստ | 15 |
| 10 | -5 | ![]() |
Խաչիկ Դաշտենց «Խոդեդան» |
Բուկինիստ | 15 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









