Հասարակական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարայանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

«Նախարարն անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից կազմակերպված միջոցառումներին, կարևորեց և պատրաստակամություն հայտնեց շարունակելու աշխատանքները տարբեր ուղղություններով:

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ համագործակցությանը և ընդգծել անչափահասների հանցավորության դեմ պայքարի, Բարնահուսի մոդելի տարածման, ինչպես նաև՝ հատկապես դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ քննարկվել են նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթությունները՝ առանձնացնելով ապօրինի թմրաշրջանառությունն ու թրաֆիքինգը՝ կարևոր համարելով այդ ոլորտում համագործակցությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ դիտարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հանուն անչափահասների պաշտպանության առավել լավ գործիքակազմի նախատեսման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում