ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվել է 2,1 միլիարդ դրամ՝ անտառների կառավարում ծրագրի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Ծրագրի մեջ ներառված են անտառային կոմիտեի, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի, անտառկառավարման պլանների մշակման համար ծախսերը, ինչպես նաև գումար է տրամադրվել անտառներում վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար։
Բացի այդ, անտառների 6 տնկարաններ ունենք։ Մենք կարողանում են և փակ և բաց արմատային համակարգով տնկիներ ստանալ։ Հուսամ՝ կկարողանանք տարեկան 1,5 միլիոն տնկի ունենալ, որը մեծ մասով կբավարարի նոր անտառներ հիմնելու մեր քաղաքականությանը»,- ասաց Սիմիդյանը։