Հասարակական

Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն

2 րոպեի ընթերցում

Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու բժշկական կենտրոնից հունիսի 3-ին, ժամը 23.35-ին ոստիկանները հաղորդում են ստացել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենով կրակել է 44-ամյա համագյուղացուն, ապա, հրազենը թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:

«Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը կեսգիշերին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

Հունիսի 4-ին Մարտունու քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գեղհովիտցի 40-ամյա տղամարդը, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, ինքնաշեն եղանակով ապօրինի պատրաստել է 12 մմ տրամաչափի հրազեն, որը համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելուց հետո թողել էր դեպքի վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում