Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-21/23. Ասատրյան, Ալան Պո, Քիննի, Ռուիս

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-21/23. Ասատրյան, Ալան Պո, Քիննի, Ռուիս

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Շուշանիկ Ասատրյան, «Ափից ներս»

apic ners.jpg (98 KB)

Շուշանիկ Ասատրյանը, պատմվածքների «Ափից ներս» ժողովածուում լուսանկարչական օբյեկտիվը ձեռքին, տարեգրում է աշխարհի՝ իր առջև բացվող պատուհանն ու շերտ առ շերտ հայտնվող իրականության մեջ բացահայտում մարդկային ճակատագրերն ու բնավորությունները:

Զում կարգավորման միջոցով գծերը երբեմն հեռանում են՝ ուրվապատկերելով լեռներ, հորիզոններ և գերհզոր ստվերներ, որոնց խորխորատներում փոքրանում ու անհետանում է մարդը իր անցողիկ կեցությամբ, երբեմն էլ գծերը կտրուկ մոտենում են՝ ափից ներս ցուցադրելով մարդկային եզակի ճակատագրերը՝ առօրյա բարդություններով, կենցաղով ու հանապազօրյա հացի համար մղվող պայքարով: Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը։

Թարգմանական գրականություն

Էդգար Ալան Պո, «Ամոնտիլյադոյի տակառը»

Po.jpg (231 KB)

Ժողովածուն ներառում է Էդգար Ալան Պոյի 9 պատմվածք, որոնք հատկանշվում են դետեկտիվ տարրերով և նրան բնորոշ խորհրդավորությամբ: Թարգմանությունն անգլերենից՝ Լուսինե Հակոբյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Ջեֆ Քիննի, «Վտվտիկի օրագիրը»

vtvtiki.jpg (319 KB)

Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ «Վտվտիկի օրագիրը» գրքում հեղինակ եւ նկարազարդող Ջեֆ Քիննին ծանոթացնում է մեզ անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է.

«Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարեւ՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարեւ՛, իմ օրագի՛ր»»։

Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն ու արածը երկու տարբեր բաներ են։ Գիմ. նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն

Դոն Միգել Ռուիս, «Չորս համաձայնությունները»

4 hamadzaynutyunner.jpg (685 KB)

«Չորս համաձայնությունները» գիրքը տոլտեկների՝ Մեքսիկայի բնիկ հնագույն ժողովրդի երկարամյա ուսմունքի հիման վրա գրված ուղեցույց է, որը պարզ, հասանելի և հեշտ շարադրանքով մեր առջև բացում է մեր ներքին կապանքները, որոնք գալիս են մանկությունից: Հեղինակը որպես լուծում առաջարկում է չորս համաձայնություն, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները և կհասնենք ազատության, երջանկության և սիրո: Թարգմանությունն անգլերենից` Մարինե Օվեսյանի։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում