Հասարակական

Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողություն: Այդ ընթացքում նրանք հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։

«Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները:

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում