Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին: Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Լևոն Հովհաննիսյանը, կարևորելով կապերի ընդլայնումը և քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025 թթ. ծրագիրն, ընդգծել է փոխգործակցությունը զարգացնելու և համատեղ ծրագրերի իրագործումն աշխուժացնելու Երևանի պատրաստակամությունը:

«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները՝ պետք է շարունակել գործակցության խորացումն ու ամրապնդումը: Վստահ եմ՝ Երևան այցը կլինի արդյունավետ և կաշխատենք տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար, նաև կնախանշենք հետագա անելիքները»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և ներկայացնելով Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զարգացման նոր հնարավորությունները՝ քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն վստահություն է հայտնել, որ Երևան այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր:

«Դեռևս 2005 թ. ստորագրվեց երկու քաղաքների միջև առաջին փաստաթուղթը: Հետագա տարիներին ստորագրվեցին համագործակցության տարբեր փաստաթղթեր: Հնգամյա ծրագրով այսօր արդեն կարող ենք խոսել նոր նախագծերի իրականացման հնարավորության մասին: 2024 թ. նախատեսում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները»,-նշել է Լոգվինենկոն ու մատնանշել հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա