Արցախի արտաքին գործերի նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է Արցախի կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից։

Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, սպառազինության տեղափոխման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով արդարացնել Արցախի ժողովրդի դեմ սեփական անօրինական գործողություններն ու հնարավոր նոր հարձակումները, ինչպես նաև զինաթափել Պաշտպանության բանակը՝ արցախցիներին զրկելով ինքնապաշտպանվելու հնարավորությունից։

Ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տասնյակ նոր ռազմական օբյեկտներ է կառուցել Արցախի օկուպացված տարածքներում՝ այնտեղ տեղակայելով հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև կանոնավոր կերպով անց է կացնում զորավարժություններ, իր զինանոցը համալրում գլխավորապես հարձակողական զինատեսակներով՝ անտեսելով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 5 ամիս շարունակվող շրջափակմանը և դրա հումանիտար և անվտանգային հետևանքներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրմանը՝ ի խախտումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի անօրինական նկրտումներին աջակցող ցանկացած գործողություն կամ հայտարարություն այդ երկրի ղեկավարության կողմից ընկալվում է որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված իր քաղաքականության թողտվություն։

Արցախի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դերակատարներին վճռական և անկողմնակալ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հորդորել վերջինիս հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումից և հարգել իր միջազգային պարտավորությունները։ Շեշտվել է, որ դա նվազագույնն է, ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ապացուցելու իր հանձնառությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին