Հասարակական

Ավտոմեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության նորմը խախտած վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն

2 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության նորմը խախտած վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլև դրանց դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը։

Ինչպես տեղեկացրել ենք, պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում