Հասարակական

ՀՀ ՊԵԿ-ն ԱՄՆ աջակցությամբ ընդլայնում է շնագիտական կենտրոնի կարողությունները թմրամիջոցների դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ն ԱՄՆ աջակցությամբ ընդլայնում է շնագիտական կենտրոնի կարողությունները թմրամիջոցների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքերի բացման մայիսի 24-ին տեղի է ունեցած արարողությունը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Դենիել Սինգլթոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները և ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումն իրականացվել է ԱՄՆ կառավարության գործուն աջակցությամբ, որի չափը կազմում է մոտ 750 հազար ԱՄՆ դոլար:

«Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացումը հերթական քայլն է ուղղված՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը: Նոր ենթակառուցվածքների շահագործումը կարևոր նշանակություն կունենա հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխման և մաքսային սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման բացահայտման գործում։

Աշխատանքների արդյունքում ընդլայնվել և արդիականացվել են կենտրոնի ենթակառուցվածքները և կարողությունները, կահավորվել և շահագործման են հանձնվել մաքսային հսկողության տարբեր գոտիներին գործառույթային առումով նմանեցված տարածքները։

Արդյունքում, Շնագիտական կենտրոնը դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար՝ թմրամիջոցների դեմ պայքարի համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շնագիտական կենտրոնում իրականացված բարեփոխումները նոր հնարավորություններ կընձեռեն ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը՝ առավել արդյունավետ հակազդելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը տարածաշրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում