Հասարակական

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

3 րոպեի ընթերցում

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

«Արմենպրես»-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Լեո Դոքերթիին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Դավիթ Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ թանգարանն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը՝ շուրջ չորս հարյուր հազար հավաքածուների նմուշներով կամրջելով անցյալն ու ապագան։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել հնագիտական, դրամագիտական, ազգագրական հավաքածուներին: Նա մեծ հետարքրքությամբ դիտել է հայ հնագույն մշակույթն արտացոլող ցուցանմուշները և նշել, որ տպավորված է հայկական մշակույթով: Լեո Դոքերթիին հատկապես հիացրել է գորգերի սրահը՝ հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով գորգերի և կարպետների շքեղ հավաքածուով:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը համառոտ անդրադարձել են համագործակցության հեռանկարներին: Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2027-2028 թթ. նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Հայաստանի պատմության և Բրիտանական թանգարանների սերտ համագործակցությամբ: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները դեռևս քննարկման փուլում են:

Բրիտանական թանգարանում այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ՝ «Շքեղություն և ուժ․Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո: Ցուցադրությունը ներառում է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այն բաց կլինի մինչև 2023 թ. օգոստոսի 13-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում