Մշակույթ

Ազգային գրադարանը «Ավանգարդ» թերթի 100-ամյակը նշանավորեց ցուցահանդեսով և ցերեկույթով

5 րոպեի ընթերցում

Ազգային գրադարանը «Ավանգարդ» թերթի 100-ամյակը նշանավորեց ցուցահանդեսով և ցերեկույթով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը «Ավանգարդ» թերթի 100-ամյակը նշանավորեց ցուցահանդեսով և ցերեկույթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրվեցին ամեն 10 տարին մեկ լույս տեսած համարները` ներառյալ 1923 թվականի առաջին և թերթի վերջին համարները:

«Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը, ով այս պահին avangard.am-ի խմբագիրն է, հիշեցրեց՝ թերթի հիմքում եղել է գաղափարախոսություն դաստիարակելը:

«Ավանգարդը» տարբերվում էր իր ազատությամբ, մշակութային սերունդն առաջին քայլերն «Ավանգարդ»-ով է արել: Այստեղ արվեստագետները ճանաչում են ձեռք բերել, գրողներն իրենց գործերը տպագրել և բազմացրել»,- ասաց Մարտիրոսյանը:

Գրող, լրագրող Լևոն Բլբուլյանը նշեց՝ անչափելի է «Ավանգարդի» դերը սերունդների կյանքում։ Շատ «ավանգարդականներ» իրենց գրական քայլերը սկսել են «Ավանգարդ» թերթում աշխատելու տարիներին։

«Թերթն իմ մեջ շատ հաճելի հուշեր է արթացնում: Կյանքիս ավելի քան 10 տարիներն անցել է այստեղ, և կարծում եմ, որ դրանք իմ ստեղծագործական կյանքի լավագույն տարիներն են եղել: Երբ հետին հայացք եմ ձգում, թե այն ժամանակ մենք ինչ գրողների ենք տպագրել, տեսնում եմ, որ նրանցից մեծ մասն արդեն ճանաչված անուններ են դարձել: Նույնը կարելի է ասել այլ արվեստագետների վերաբերյալ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ «Ավանգարդն» այսօր էլ այն թերթերից է, որ հետևողական ներկայացնում է արվեստագետներին, գրողներին և հատկապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին:

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ նշեց՝ թերթի լեգենդը շարունակում է ապրել: Նրա համոզմամբ՝ թերթի ներկայությունը հասարակական, քաղաքական, մշակութային, գրական կյանքում անգնահատելի է եղել:

«Կարծում եմ՝ այսօր «Ավանգարդը» կարող է պահանջված լինել, ցանկացած լրատվամիջոց կարող է պահանջված լինել, եթե հավատարիմ է ոչ միայն լրագրության ոսկե կանոններին, այլ նաև համահունչ է տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներին, նույնիսկ արհեստական բանականության բերած այն նորություններին, որոնց հետ հաշվի չնստելու դեպքում ցանկացած ձեռնարկ դատապարված է խորտակման»,- ասաց նա:

Մարտիրոսյանը ընդգծեց Հայաստանի առաջին հանրապետությունից մեր օրեր հասած միակ լրատվամիջոցի՝ «Արմենպրեսի» դերը:

«Արմենպրեսը», անցնելով ժամանակների միջով՝ այսօր շարունակում է մնալ ամենապահանջվածներից մեկը՝ պահպանելով իր կենսունակությունը: Կարծում եմ, որ «Ավանգարդ» թերթը վերածնելու, նորից դաշտ բերեու բոլոր փորձերն իմաստ կունանան, եթե ամեն ինչ ուղեկցվի տեղեկատվական հաղորդակցական տեխնոոգիաների ողջ գործիքակազմով, հզոր խմբագրակազմով և ժուռնալիստիկայի ոսկե կանոնները հարգելով»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

«Ավանգարդ» թերթի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ թերթը նոր ծնունդ կունենա:

Խորհրդային և հետխորհրդային շրջանի «Ավանգարդ» թերթը խորհրդային ժամանակահատվածում հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պաշտոնաթերթը, 1991 թվականից վերագրանցվել է որպես անկախ պարբերաթերթ և չի պատկանում ու չի հարում որևէ կուսակցության, քաղաքական որևէ ուժի։ 1998 թվականից՝ տպագրվել է շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ։

Հրատարակվել Է Երևանում, 1923 թվականից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լույս չի տեսել։ Արծարծել Է երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանել Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Տպագրվում են երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ «Ավանգարդը» պարբերաբար հրատարակել Է «Ծիածան» էջը՝ նվիրված սփյուռքահայ երիտասարդության կյանքին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1973 թ. հուլիսի 3-ի հրամանագրով «Ավանգարդը» պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում